04/02/2025
ԿԱՀԼԵՔՍ
ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրում
Մաս 1
Այսօր կանդրադառնանք վերջին շրջանում ամենահաճախ քննարկվող և արդիական հիմնահարցերից մեկին՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրմանը։ Նկատի ունենալով այս հարցի կարևորությունը, և այդ առիթով պայմանավորված՝ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը, կփորձենք հնարավորինս հակիրճ և հասանելի՝ հարցուպատասխանի ձևաչափով ներկայացնել թեմային առնչվող օրենսդրական կարգավորումները՝ մի քանի մասերով։
---------------------------------------------------------------------
Ովքե՞ր են պարտավոր ներկայացնել եկամուտների հայտարարագիր՝ 2024 թվականի հաշվետու տարվա համար։
---------------------------------------------------------------------
2024 թվականի համար մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն ՀՀ քաղաքացի ՀՀ ռեզիդենտ հանդիսացող պետական, հանրային, համայնքային ծառայողները, իրավաբանական անձանց իրական շահառուները, հարկային տարվա ընթացքում 20 մլն դրամ և ավել փոխառություն ստացած քաղաքացիները /վարկին չի վերաբերում/, 2023 թվականի ընթացքում մեկ միլիարդ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակիցները, վարձու աշխատողները, քաղաքացիաիրավական պայմանագրով հարկվող եկամուտ ստացող անձինք։
---------------------------------------------------------------------
Անհատ ձեռնարկատերերն այս տարի եկամուտների հայտարարագիր չեն ներկայացնելու։
---------------------------------------------------------------------
Կարևոր է նկատել, որ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն միայն ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները։
Եթե դուք հանդիսանում եք ՀՀ քաղաքացի, սակայն 183 օր և ավել բնակվում եք արտերկրում, կամ չեք հանդիսանում ՀՀ քաղաքացի, սակայն մշտապես բնակվում եք ՀՀ-ում, ապա դուք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք։
---------------------------------------------------------------------
Ո՞ր եկամուտներն են ենթակա հայտարարագրման։
---------------------------------------------------------------------
Հայտարարագրման ենթակա են անձի բոլոր եկամուտները՝ անկախ դրանց հարկվող լինելու հանգամանքից։ Հայտարարագրման ենթակա հարկվող եկամուտներից են՝ վարձավճարը, ավանդի տոկոսը, աշխատավարձը, ծառայությունների մատուցումից, աշխատանքների կատարումից ստացված վճարը, բաժնետոմսի դիմաց վճարված շահաբաժինը և այլ եկամուտներ։ Հայտարարագրման ենթակա չհարկվող եկամուտներից են՝ կենսաթոշակները, նպաստները, վարկերը, ստացված փոխառությունները, այլ ֆիզիկական անձից ստացված նվիրատվությունը, գույքի օտարումից ստացված միջոցները, պարտատոմսից ստացված եկամուտը, ժառանգությամբ ստացված միջոցները և այլ։ Նվազեցվող /չհարկվող/ եկամուտների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ Հայաստանի Հանրապետության Հարկային Օրենսգիրքի 147 հոդվածում։
---------------------------------------------------------------------
Ո՞ր եկամուտները հայտարարագրման ենթակա չեն:
---------------------------------------------------------------------
Վերը նշված՝ հայտարարագրման ենթակա եկամուտների ցանկից բացառություն են այն ՉՀԱՐԿՎՈՂ եկամուտները, որոնք չեն գերազանցում 300.000 ՀՀ դրամի շեմը։ Այսպես, օրինակ, եթե դուք ձեր ընկերոջից ստացել եք նվիրատվություն՝ 100.000 ՀՀ դրամի չափով, ապա այդ գումարը կարող եք չհայտարարագրել, քանի որ նվիրատվությունը չհարկվող եկամուտ է և այս դեպքում նաև՝ պակաս է 300.000 դրամից։ Մեկ այլ դեպք, երբ դուք առևտրային բանկից ստացել եք վարկ՝ 500.000 ՀՀ դրամի չափով, որը թեև չհարկվող եկամուտ է, սակայն բարձր է 300.000 դրամից, ուստի ձեր կողմից ենթակա է հայտարարագրման։
---------------------------------------------------------------------
Արդյո՞ք հայտարարագրման ենթակա են նաև անձի խնայողությունները, առկա գույքը և ծախսերը։
---------------------------------------------------------------------
Ո՛չ, ենթակա չեն։ Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիրը վերաբերում է բացառապես նախորդ հարկային տարում ստացված եկամուտներին, և չի ենթադրում անձին սեփականության իրավունքով պատկանող գույքը, խնայողությունները կամ ծախսերը հայտարարագրելու պարտավորություն։
---------------------------------------------------------------------
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
---------------------------------------------------------------------
Անհատական հանդիպում կազմակերպելու համար կարող եք զանգահարել +37411444006 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ հասցեին:
, , , , #կահլեքս, #իրավաբան, #փաստաբան,