29/04/2024
Եթե արարքը ուղղակիորեն նախատեսված չէ իրավական նորմով, ապա դրա համար իրավական պատասխանատվություն չի սահմանվում։
Այս կանոնը բացառում է քրեական բնույթի իրավախախտումների դեպքում համանմանության /անալոգիայի/ սկզբունքի կիրառումը։
Միաժամանակ, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշակի հանգամանքների առկայությունը բացառում է արարքի հակաիրավական լինելը։
Այդպիսի հանգամանքներ են անհրաժեշտ պաշտպանությունը և ծայրահեղ անհրաժեշտությունը։
Իրավախախտումը հանրորեն վտանգավոր արարք է։ Յուրաքանչյուր իրավախախտում վնաս է պատճառում մարդու, հասարակության և պետության շահերին։ Իրավախախտման բացասական հետևանքներ են գույքի ոչնչացումը, մարդու մահը, արժանապատվության նսեմացումը, աշխատաժամանակի կորուստը և այլն։
Արարքը կարող է և իրական վնաս չպատճառել, այլ սպառնալիքի տակ դնել իրավական նորմերով պաշտպանվող արժեքները։ Հանրային վտանգավորությունը ունի երկու ցուցանիշ՝ հանրային վտանգավորության բնույթը և աստիճանը։ Արարքի հանրային վտանգավորությունը պայմանավորված է ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով։
Իրավախախտում է համարվում իրավունքի սուբյեկտի մեղավոր վարքագիծը։ Մեղքը իրավախախտողի հոգեկան վերաբերմունքն է կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ։ Այն դրսևորվում է երկու ձևով՝ դիտավորություն և անզգուշություն։
Իրավախախտման հատկանիշ է նաև պատժելիությունը։ Այն արտահայտում է պետության բացասական վերաբերմունքը որպես հանրորեն, հակաիրավական և մեղավոր արարքի։
Իրավախախտումը որպես դատապարտելի արարք, հանգեցնում է իրավաբանական պատասխանատվության։