05/02/2025
#անհուսալիվարկեր
📌 Ամենաշատ հնչող հարցերի պատասխանները՝ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ
❓ Հարց 1։ Ունեմ անհուսալի դասով դասակարգված վարկ, եթե այս պահին չեմ աշխատում, արդյոք կարող եմ օգտվել պետության կողմից իրականացվող աջակցության ծրագրից։
✅ Պատասխան։ Ո՛չ, աջակցության ծրագրից օգտվել չեք կարող, քանի որ միջոցառման հիմնական նպատակը քաղաքացիներին դեպի աշխատանք և զբաղվածություն ուղղորդելն է։ Հետևաբար, եթե ուզում եք ընդգրկվել ծրագրում, ապա պարտադիր է ունենալ աշխատանք։
❓ Հարց 2։ Եթե ունեմ մի քանի վարկ, որոնցից յուրաքանչյուրի մայր գումարը փոքր է մեկ միլիոնից, բայց դրանց հանրագումարը գերազանցում է մեկ միլիոնը։ Արդյոք կարող եմ միայն մեկ վարկի դեպքով ստանալ աջակցություն։
✅ Պատասխան։ Ո՛չ, քանի որ ծրագրից կարող են օգտվել այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։
❓ Հարց 3։ Այս պահին չունեմ աշխատանք, բայց առաջիկա ամսվա ընթացքում անցնելու եմ աշխատանքի․ այդ դեպքում արդյոք կարող եմ օգտվել աջակցության ծրագրից։
✅ Պատասխան։ Այո՛, աշխատանքի անցնելուց հետո կարող եք դիմել աջակցության ծրագրում ընդգրկվելու համար։ Ի դեպ, աշխատանք գտնելու համար կարող եք օգտվել նաև https://e-work.am/ հարթակից։
❓ Հարց 4։ Ունեմ երեք վարկ, որոնց մայր գումարի հանրագումարը կազմում է 1 մլն 100 հազար դրամ։ 150 հազար դրամը վճարելու դեպքում՝ արդյոք կարող եմ դիմել ծրագրից օգտվելու համար։
✅ Պատասխան։ Այո՛, կարող եք համարվել ծրագրի շահառու, քանի որ այս դեպքում բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը փոքր կլինի 1 մլն դրամից։
❓ Հարց 5։ Զինվորական եմ, արդյոք կարող եմ դիմել և օգտվել ծրագրից:
✅ Պատասխան։ Ուժային կառույցներում աշխատող/ծառայողների մասով անհրաժեշտ է կատարել լրացուցիչ լուծումներ, որոնք կապահովվեն միջոցառման առաջիկա բարեփոխումների շրջանակում։
❓ Հարց 6։ Եթե վարկը չլիցենզավորված կազմակերպությունից է, կարո՞ղ եմ համարվել ծրագրի շահառու։
✅ Պատասխան։ Ո՛չ, քանի որ ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող անձինք։
❓ Հարց 7։ Ծրագրի շահառու դառնալու դեպքում՝ որքա՞ն աջակցություն կստանամ պետությունից։
✅ Պատասխան։ Ծրագրի շրջանակում պետության կողմից տրամադրվող աջակցությունը կլինի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի Ձեր անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։ Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։
❓ Հարց 8։ Ինչպե՞ս կարող եմ դիմել ծրագրից օգտվելու համար։
✅Պատասխան։ Ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։ Անհրաժեշտ է մուտք գործել տվյալ հարթակ, ապա լրացնել պահանջվող տվյալները «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանի «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտում։